Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչո՞ւ է մոլեգնում ՀՅԴ-ն

Ինչո՞ւ է մոլեգնում ՀՅԴ-ն
20.05.2019 | 11:51

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հանգիստ չէր անցնելու՝ ի սկզբանե հասկանալի էր, որ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ: Բայց կատարվեց անթույլատրելի բևեռացում: Վճարված, թե անվճար՝ դատարանի բակում հայտնվեցին իրենց ակտիվիստ անվանողներ, ամեն տեղից անպակաս Վարդգես Գասպարին էլ հետը, ու դատավարությունը վերածվեց կրկեսի՝ դատարանի պատերից դուրս: Այդ պայմաններում սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումը միանշանակ չի ընդունվելու:

Լինելու են թե ազատ-արդար-անկախ դատարանին փառաբանողներ, թե դատարանի որոշումը չընդունողներ, որ իրենց վերաբերմունքը արտահայտելու ձևեր են որոնելու: Շիկացած կրքերի պարագայում ոչ միշտ են այդ ձևերը իրավական ու օրինական լինում: Մայիսի 18-ին Ազատության հրապարակում Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները ,Դավաճան. վանկարկումներով հարձակվել են թոռների ու որդու հետ զբոսնող ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա: Եղավ քաշքշուկ, որը հարթվեց ոստիկանների միջամտության արդյունքում: Տեղեկություն չկա, որ Հրանտ Մարգարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ դիմել է բժշկի: Փոխարենը ամպագոռգոռ հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն: Առ այն, որ «ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտուի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։ Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։ Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել և փորձում է իր կամքն ու ստոր արժեքները պարտադրել։ Ամիսներ շարունակ լրատվամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցության առանձին գործիչների ու կուսակցության դեմ իրականացվել է կազմակերպված, ուղղորդված ու հովանավորվող հակաքարոզչություն, սերմանվել է թշնամանք ու ատելություն։ Հրանտ Մարգարյանին ու Դաշնակցությանն ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը մենք գնահատում ենք որպես հստակ ուղղորդված գործողություն և ստոր քայլ Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքի դեմ։ Հանուն հասարակական համերաշխության շատ դեպքերում ենք լռել։

Թերևս մեր լռությունն ու համարժեք քայլերով չպատասխանելը ոմանց մոտ ստեղծել է անպատիժ մնալու թյուր մտայնություն։ Այլևս չենք հանդուրժելու, քանզի հայ մարդուն ոչ վայել վարքագծով ագրեսիվ փողոցային խուժանը հասարակություն չէ։ Պահանջում ենք երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին»։


Բնավ չարդարացնելով Հրանտ Մարգարյանի կամ որևէ մեկի վրա հարձակվող կամ հարձակվել փորձող որևէ մեկին՝ հարց ՀՅԴ-ին՝ ի՞նչ չափանիշով են մարդկանց որակում «մոլագար ամբոխ», «փողոցային խուժան», «ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականք»: Պատասխանատու՞ են իրենց որակումների համար: Նույն այդ «ամբոխը», «խուժանը», «տականքը» հայ ժողովուրդն է, որ այդպիսին է դարձել նաև ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարման տարիներին ու սերմանած արժեքների շնորհիվ: Հիմա ո՞վ է ու՞մ «իր կամքն ու ստոր արժեքները պարտադրում»։ Առանց այդ էլ բևեռացված հասարակության հետ այդ լեզվով խոսելը բնավ չի վկայում 100 տարին վաղուց բոլորած կուսակցության՝ ազգային արժեքներ դավանելն ու սեփական անելիքը գիտակցելը: Մեղավորները պետք է պատժվեն, իսկ ո՞վ է համարժեք գնահատելու ու արձագանքելու ՀՅԴ-ի ու ՀՅԴ-ականների վարքագծին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի այս դատավարությունը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե պահարաններից հանվեն բոլոր կմախքները: Փաստացի՝ դատավարությունը դառնում է քաղաքական դաշտի լյուստրացիա ու հայտնի չէ՝ դատավարության սկզբում ու վերջում ով որտեղ է հայտնվելու: Տասնամյակներով չպատասխանված բազում հարցեր կան, որոնցից յուրաքանչյուրը ունակ է իրավիճակ փոխել: Պատրա՞ստ ենք պատասխանների: Օրինակ՝ Հրանտ Մարգարյանը ունի՞ հարցի պատասխանը, թե հոկտեմբերի 27-ին Աժ նիստերի դահլիճից մարդասպաններն ինչու՞ էին իրեն զանգում ու ինքը ի՞նչ պիտի աներ:
Թե՞ բոլորը «մոլագար ամբոխ», «փողոցային խուժան», «ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականք» են ՀՅԴ-ի շրջապատում: Իրենից բացի:
Իդեպ՝ նույն այդ «մոլագար ամբոխը», «փողոցային խուժանը» ու «հանրային տականքը» նաև ընտրողներ են:

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ